Մատչելի թռիչքներ և տուրեր դեպի Ստամբուլ
Ստամբուլ՝ Եվրոպայի իրական մեգապոլիսը
18,8 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլը Եվրոպայի ամենախիտ բնակեցված քաղաքն է և Թուրքիայի գլխավոր տնտեսական, մշակութային և պատմական կենտրոնը։ 1985 թվականից այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում և միակ քաղաքն է, որ գտնվում է երկու մայրցամաքների՝ Եվրոպայի և Ասիայի վրա։ Այստեղ կարող եք Ձեզ համար բացահայտել տարբեր մշակույթների, ապրելակերպի, կրոնների ամբողջ բազմազանությունը։
Ստամբուլը Ուղղափառ եկեղեցու կենտրոնն է. այստեղ է գտնվում Կոստանդնուպոլսի պատրիարքությունը։
Ստամբուլի տեսարժան վայրերը
Գրանդ բազար
Թուրքիան հայտնի է իր առևտրային եռուզեռով, և Ստամբուլը բացառություն չէ։ Այդ է պատճառը, որը Գրանդ բազարը համարվում է աշխարհի ամենահայտնի շուկաներից մեկը: Այն ընդգրկում է 58 փողոց, և ամեն տարի այստեղ են գալիս միլիոնավոր զբոսաշրջիկներ։ Տեղացիներն ամեն օր այստեղից են գնումներ կատարում, իսկ օտարերկրացիների համար այն հարմար վայր է` ծանոթանալու Թուրքիայի` մեծ ճանաչում ունեցող գաստրոնոմիական մշակույթին։ Շուկայում, որը գործում է դեռ 16-րդ դարից, կա 1200 խանութ։ Այստեղ ներկայացված են աշխարհահռչակ տարբեր ապրանքատեսակներ և բրենդներ։
Կապույտ մզկիթ
1609 թ. օսման ճարտարապետ Մեհմեդ Աղա Սեդեֆքարի կառուցած այս մզկիթը գրավում է միլիոնավոր զբոսաշրջիների ուշադրությունը։ Մզկիթը դարձել է քաղաքի խորհրդանիշը։ Այն գերում է իր վիթխարի ճարտարապետությամբ և նրբագեղությամբ. աշխարհում չկա ավելի վեհ և շքեղ կառուցված մզկիթ, քան Կապույտ մզկիթն է։ Ճարտարապետական հսկա հուշարձանը շրջապատված է 6 բարձր աշտարակներով՝ մինարեթներով, որոնք ծառայում են՝ մահմեդականներին աղոթքի հրավիրելու համար։
Թոփքապի պալատը
Օսմանյան կայսրության սուլթանի նախկին այս նստավայրը Ստամբուլի ամենից շատ սիրված ու այցելուների մեծ հոսք ապահովող թանգարանն է։ Այն բաղկացած է չորս տարբեր գավիթներից, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ բազմաթիվ ցուցանմուշների հետ՝ ճենապակուց և գորգերից մինչև միջնադարյան իսլամական սպառազինություն և ձեռագրեր։ Ցուցանմուշներից շատերն ավելի քան 400 տարվա պատմություն ունեն։
Սուրբ Սոֆիայի տաճար
Տաճարն աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից մեկն է։ Ուշ անտիկ շրջանում այն կոչում էին աշխարհի ութերորդ հրաշալիքը։ Սուրբ Սոֆիայի տաճարը ավելի քան 1500 տարի շարունակ հիացնում է իր ճարտարապետությամբ և անկրկնելի խճանկարներով: Նրա պատերին քրիստոնեության խորհրդանիշների հարեւանությամբ արաբական հյուսագրերն են։ Նրանք չեն միախառնվում, այլ փոխլրացնում են միմյանց։ Աշխարհում քիչ են պատմական այդպիսի շինությունները, որոնք, չնայած արտասովոր ճակատագրի բարդ շրջադարձերին, պահպանել են իրենց շքեղ հարդարումը։
Ձիարշավարան
Հռոմեական (մ.թ. 203–330 թթ.), բյուզանդական (մ.թ. 330–1453 թթ․) և օսմանյան (մ.թ. 1453–1922 թթ․) ժամանակաշրջաններում այն հանդիսացել է հասարակական հարթակ, որտեղ անցկացվում էր Բյուզանդական կայսրության ամենահայտնի սպորտաձևերից մեկը՝ քառաձի մարտակառքերով մրցավազքը: Մրցավազքերից բացի ձիարշավարանում անցկացվում էին նաեւ գլադիատորական մենամարտեր, պաշտոնական արարողություններ, տոնախմբություններ, դատապարտյալների խոշտանգումներ և այլ միջոցառումներ։ Ձիարշավարանն ընդգրկում է մոտավորապես 100 000 մարդ։ Ստամբուլի ձիարշավարանը գտնվում է անմիջապես Կապույտ մզկիթի հարևանությամբ։ Այստեղ կարելի է տեսնել նաեւ բազմաթիվ այլ ինքնատիպ կառույցներ, որոնք հազարամյակների պատմություն ունեն։
Բազիլիկի ջրամբար՝ Էրեբաթան
Միանշանակ այն Ստամբուլի ամենատպավորիչ տեսարժան վայրն է զբոսաշրջիկների համար։ Բազիլիկի ջրամբարը կառուցել է Հուստինիանոս կայսրը` 532 թ. քաղաքի ստորգետնյա հատվածում՝ ապահովելու Կոստանդնուպոլսի Մեծ պալատի ջրամատակարարումը։ Ովքեր դիտել են «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարը, կնկատեն որոշակի նմանություն դվարֆերի փորած Մորիայի հանքավայրի հետ (հատկապես մթնոլորտի տեսանկյունից)։
Նավարկություն Բոսֆորով
Սա պարզապես վայր չէ, այլ փորձառություն է։ Դուք կարող եք նավարկել Բոսֆորի նեղուցով, որտեղից կարող եք հիանալ զբոսաշրջային մի շարք տեսարժան վայրերով, օրինակ՝ Գալաթայի աշտարակով, Բոսֆորի կամրջով, Օրթաքյոյ մզկիթով։ Ավելի նպատահարմար է շրջագայել աշխատանքային օրերին, քանի որ հանգստյան օրերին զբոսաշրջիկների հոսքը բավականին մեծ է։
Ծաղիկների պասաժը
Ծաղիկների պասաժն համադամների համար ամենահարմար տեսարժան վայրն է։ Cicek Pasaji, թարգմանաբար՝ «Ծաղիկների պասաժ», ոչ մի առնչություն չունի ծաղիկների արահետի հետ։ Տեղացիների և զբոսաշրջիկների այդքան սիրելի վայրն իրականում երեք հարյուրամյակ առաջ կառուցված կամար է, որտեղ գործում են բազմաթիվ բարեր, ռեստորաններ և սրճարաններ։ Այստեղ մատուցվում է թուրքական ավանդական ուտեստների հսկայական տեսականի, ինչպես օրինակ՝ մեզե, քաբաբ, ծովամթերք, աղանդեր, ինչպես նաև` գինի, խեցգետին կամ գարեջուր։ Շինությունն ունի L-աձև ուրվագիծ և ապշեցնում է եվրոպական շքեղությամբ ու նրբագեղությամբ։ Նրա անվանումը կապված է ռուս առևտրականների հետ, որոնք երկար տարիներ ծաղիկներ էին վաճառում այստեղի խանութներում։
Խորհուրդներ
- Առևտրականներն ընդունում են ինչպես թուրքական լիրա, այնպես էլ՝ եվրո, և Դուք կարող եք շահել գնի մեջ, եթե սակարկեք հատկապես շուկայում:
- Չլուսավորված թաղամասերը գիշերն այնքան էլ «բարյացակամ» չեն։ Եթե, այնուամենայնիվ, որոշել եք զբոսնել այդտեղով, ապա ցանկալի է` լինել թուրքերեն խոսող ընկերների շրջապատով։
- Հասարակական տրանսպորտով շրջելը բավականին հարմարավետ և մատչելի է, հատկապես որ Ստամբուլում գործում են մետրոյի բազմաթիվ երթուղիներ։ Մետրոյով երթևեկելու համար՝ անհրաժեշտ է ձեռք բերել ժետոններ։
- Անպայման փորձեք թուրքական խոհանոցը՝ տեղական ուտեստներին բնորոշ համի և հոտի անզուգական համադրությամբ։ Ստամբուլից գնված լավագույն հուշանվերն, անկասկած, թուրքական համեմունքներն են, որոնք վաճառվում են մասնագիտացված բազմաթիվ խանութներում և բոլոր շուկաներում։